Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։
Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։
Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով:
Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր արել, անգամ իրենց կյանքը տվել։
Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, գիտենալ նրա անցյալը, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:
Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, գտնվում է մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է:
Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:
Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ:
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ Միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն. ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է գտնվել: Միջնաշխարհը հարուստ է արգավանդ դաշտերով, երփներանգ ծաղիկներով պատված մարգագետիններով ու սառնորակ աղբյուրներով: Այստեղ է նաև Վանա լիճը, որին հայերը ծովակ են անվանում: Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում:
Վանա լճից բացի լեռնաշխարհն ունի մեծ ու փոքր այլ լճեր, որոնց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ Սևանը: Այն գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում:
Իր գեղեցկությամբ և քաղցրահամ ջրի արժեքավոր պաշարներով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է:
Բացառիկ գեղեցկության համար Հայաստանի լճերը համեմատվում են զմրուխտի, փիրուզի, մարգարիտի և բնության այլ հրաշալի ստեղծագործությունների հետ:
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը: Այստեղ լեռներից բացի կան անդնդախոր կիրճեր, որոնց հատակով հոսում են արագահոս գետեր: Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետը՝ Արաքսը: Արաքս ի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը, որը Հայաստանի բերք ու բարիքի շտեմարանն է: Բացի այդ, այստեղ են կառուցվել նաև Հայաստանի վեց մայրաքաղաքները, այդ թվում՝ Երևանը: Հայոց աշխարհի մեկ այլ հայտնի գետ՝ Արածանին, ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից: Ըստ ավանդության, ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկ դիցուհին:
Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր լեռներից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ պահին հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին անտառի մթին ծառաստանի մեջ՝ հեռվից գեղեցիկ աստվածուհուն տեսնելու համար: Բայց Աստղիկը Մշո ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և անտեսանելի էր դառնում:
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը: Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը: Հայ ժողովուրդը բազում երգեր է հյուսել Մշո դաշտի մասին՝ ցույց տալով իր սերը Հայկական լեռնաշխարհի այդ գողտրիկ անկյան նկատմամբ.
Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:
Հարցեր և առաջադրանքներ
- Որտեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
- Նայեք քարտեզին և պատկերացրեք, թե ինչի հետ կարելի է համեմատել Հայկական Պար լեռնաշղթան։
- Որտեղ է գտնվում Հայոց Միջնաշխարհը։ Նկարագրեք այն։
- Թվարկեք լեռնաշխարհի լճերը։ Ինչի՞ հետ են դրանք համեմատվում։
- Ի՞նչ կենդանիներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը:
- Կարո՞ղ եք մտաբերել որևէ երգ Սասունի կամ Մշո դաշտի մասին:
- Ի՞նչ գիտեք Հայկական լեռնաշխարհի մասին. բլոգում լրացրեք աղյուսակը:
| Դիրքը, հարևան տարածքները | |
| Նշանավոր լեռնագագաթները | |
| Նշանավոր դաշտերը | |
| Գետեր, լճեր | |
| Բույսեր, կենդանիներ |
