Ինչպե՞ս ես գիրք ընտրում, երբ կարդալու ցանկություն կա։ Ինչքան էլ գեղեցիկ լինի գրքի կազմը, քեզ համար չի երաշխավորի հետաքրքիր, գրավիչ ընթերցանություն։ Երբ բացում ես գիրքը, հանդիպում ես ստեղծագործության համառոտ նկարագրությանը․ ինչի մասին է գիրքը, ով է հեղինակը, երբ է գրվել և այլն։ Դա կարող է քեզ որևէ բան հուշել, եթե ծանոթ ես գրողին։ Սյուժեն կարող է տարբերվող, յուրահատուկ թվալ, բայց արդյո՞ք դա բավական է լավ գրքի համար։ Գուցե քեզ հետաքրքրի գրքի կառուցվածքը․ բացի՛ր, նայի՛ր բովանդակության մասը։ Որոշ մարդիկ առաջին էջը կարդալուց հետո են որոշում, այլ մարդիկ՝ կարդում տարբեր հատվածներից ու փորձում հասկանալ՝ ինչ կարող է տալ գիրքը։ Իսկ ի՞նչ ես ուզում, որ այն տա քեզ։
Կան մարդիկ, որ գրքերում փնտրում են ապրումներ, հույզեր, զգացմունքներ։ Նրանք իրենց չապրածը կամ վաղուց ապրածն են գտնում գրքերում․ հուզվում, ուրախանում ու տխրում։ Ֆիլմերի դեպքում էլ է այդպես։ Մարդիկ էլ կան, որոնց գրքերում հետաքրքիր է փիլիսոփայական խաղը, ինտելեկտուալ հաճույքը, գրողների ոճական նոր լուծումները։
Որոշ մարդիկ գիտական գրականություն են սիրում ու խորությամբ ուսումնասիրում տարբեր գիտություններ՝ պատմագիտություն, աստղագիտություն, մշակութաբանություն, կենսաբանություն և այլն։
Իմ սեղանին միշտ կան նշված ամենատարբեր գրքերից․ կան և՛ զգացմունքայինը, և՛ փիլիսոփայականը (երբեմն նույն գրքի մեջ), և՛ գիտականը։ Իսկ ի՞նչ ես նախընտրում դու։ Կետադրելուց հետո նոր տողից շարունակի՛ր խոսքս ու պատասխանի՛ր։
Ես գիրք ընտրելիս նայում եմ կազմին, վերնագրին, բայց դեռ չի պատահել, որ գիրք ընտրելիս նայեմ գրողին։ Եթե հետաքրքրում է անվանումը, ես անպայման վերցնում եմ․ նաև լինում է այնպես, որ վերնագիրը ծանոթ է լինում և ես այն ավելի հաճույքով եմ կարդում։ Ես նախընտրում եմ արկածային գրքեր, ու ամենաշատը կարդում եմ արկածային գրքեր։