Պարապմունք 2

Թեմա՝ Ճառագայթ և անկյուն

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Վերևի նկարում երեք կետերից յուրաքանչյուրը կարող է դիտարկվել որպես ճառագայթի սկզբնակետ: Յուրաքանչյուր կետից՝ հակառակ ուղղություններով, դուրս են գալիս երկու ճառագայթներ և անվերջ շարունակվում: 

BC-ն և BA-ն նույն ճառագայթներն են (B սկզբնակետով), իսկ BC և AC ճառագայթները տարբեր են, չնայած որ ունեն որոշ ընդհանուր մաս:

Ճառագայթը նշանակում են լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

Lenkis1.png

 Անկյունը  նշելու համար գոյություն ունի երեք տարբեր գրելաձև․
∠О -միայն գագաթն ենք նշում
∠hk — երկու ճառագայթներն ենք նշում
∠DOF-նշում ենք կողմերի վրա մեկական կետ և գագաթը։ Գագաթի տառը գրվում է մեջտեղում։

Անկյունը նշանակվում է նաև թվով , օրինակ՝ ∡1:

Lenkis2.png

Հետևաբար, վերևի նկարի A և B կետերը չեն պատկանում∡M անկյանը, իսկ C, D և E կետերը պատկանում են ∡M անկյանը:

Յուրաքանչյուր անկյուն հարթությունը տրոհում է երկու մասի: Եթե անկյունը փռված չէ, ապա հարթության տրոհած մասերից մեկը կոչվում է այդ անկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

Lenkis_plats_saurs1.png

Փռված անկյան դեպքում հարթությունը բաժանվում է երկու մասի, որոնցից ցանկացածը կարելի է համարել փռված անկյան ներքին տիրույթ: 

Եթե ∡A անկյան գագաթից ներքին տիրույթում տանենք ճառագայթ, ապա այն կբաժանի անկյունը երկու այլ անկյունների:

Lenkis4.png

Այս դեպքում կարևոր է հետևել անկյունների նշանակումներին: Հիմա մենք ունենք սկզբնական անկյունը և նրա երկու մասերը: Օրինակ՝ եթե գրենք այսպես՝∡A, ապա չի հասկացվի, թե որ անկյունը մենք նկատի ունենք: Այս դեպքում հարմար է օգտագործել անկյունների նշանակումները երեք լատիներեն մեծատառերի միջոցով՝ ∠CAB, ∠CAD, ∡DAB:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ի՞նչ է ճառագայթը։
2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։
3. GEOGEBRA ծրագրով գծիր b ուղիղ, նրա վրա նշեl А կետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։
4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։ 5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
6. A, B կետերը նշված են են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տալ գծագիրը։

7. Ո՞ր երկրաչափական պատկերն է կոչվում անկյուն։
8. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, գրիր անկյան գագաթը, անկյան կողմերը։

9. Ո՞ր անկյունն է կոչվում փռված անկյուն։

10. GEOGEBRA ծրագրով գծիր փռված  անկյուն, նշիր անկյան գագաթը։

11. Անկյունը նշելու համար քանի՞ ձև գիտես։

12. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, նշիր անկյունը  բոլոր հնարավոր տարբերակներով։

13. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, նշիր ներքին և արտաքին տիրույթները։