Ուղղախոսական շեղումները ժամանակակից մամուլում և հեռուստատեսության մեջ․նախագիծ

Ընթացքը՝ երկարաժամկետ

Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը

1․Վեր հանել  բանավոր և գրավոր խոսքում հանդիպող ուղղախոսական ոչ կանոնավոր, սխալ ձևերը՝ դրանք փոխարինելով ճիշտ ու ընդունելի ձևերով։

2․Ուշադրություն դարձնել սեփական խոսքում (սովորողների) տեղ գտած սխալներին և ոչ հայեցի արտահայտություններին՝ զերծ մնալով դրանցից։

3․Ունենալ գրագետ և ճիշտ բանավոր  ու գրավոր խոսք։

4․Պահպանել մայրենի լեզվի անաղարտությունն ու բնականոն  զարգացումը։

Խնդիրները

1․Ուսումնասիրել ժամանակակից մամուլի և հեռուստատեսության լեզուն։

2․ Գտնել հնչյունական, արտասանական սխալները՝ ցույց տալով դրանց ճիշտ ձևերը։

3․ Գտնել բառագործածության (հիմնականում  հարանուն բառերի մեջ հանդիպող) սխալները։

4․ Հասկանալ քերականական սխալ ձևերը ( թվական+ գոյական կաղապարում, գոյականի որոշյալ և անորոշ առման գործածության մեջ, ածական խոսքի մասի կիրառության, դերանուն+ ստացական հոդ գործածության մեջ, բայի քերականական ձևերում, խոնարհման համակարգում )։

5․Գտնել շարահյուսական կապակցություններում (շաղկապների անհամապատասխան կիրառություններ, համաձայնություն, առդրություն, շարադասություն,մտքի տրամաբանական շղթա) հանդիպող ոչ կանոնավոր կիրառությունները, սխալ ձևերը։

6․Ճանաչել և վեր հանել հասարակաբանության և ժարգոնայնության տարրերը՝ ընդգծելով դրանց խիստ բացասական ացդեցությունը գրական հայերենի վրա։

7․ Վեր հանել ոչ ճիշտ շարահյուսական կառույցները՝ պայմանավորված սխալ, հաճախ բառացի թարգմանություններով։

8․Զերծ մնալ բարբառային, խոսակցական անհարկի բառերի և արտահայտությունների գործածությունից։

9․Խուսափել հնչերանգի ու շեշտի հետ կապված ոչ հայեցի խոսքից ՝ կապված օտար լեզուների,բարբառների, ժարգոնների  ազդեցության հետ։

Ընթացքի նկարագրությունը

Սովորողները ուսումնասիրում են ամենատարածված սխալները ( նրանց կտրամադրվի տեսական և գործնական ուսումնական նյութ, առաջին մի քանի հանդիպումներում մանրամասնորեն կքննարկվեն դրանք), այնուհետև կսկսեն ուսումնասիրել ( կարդալ, լսել, դիտել) նախընտրած ամսագրերի նյութերը, հոդվածները, հեռուստատեսային հաղորդումները, ֆիլմերը՝ ուշադրություն դարձնելով հանդիպած սխալներին։ Կենդանի շփման միջավայրում՝ դասընկերների, մտերիմների, ընտանիքի անդամների հետ ամենօրյա բանավոր հաղորդակցման մեջ, իրենց ուսումնական միջավայրում կլինեն ավելի ուշադիր, ուսումնասիրողի դերում՝ համապատասխան սխալները գտնելու և դրանցից խուսափելու համար՝ գործածելով ճիշտ տարբերակը։

Արդյունքները

Վերլուծական պատումների հրապարակում, հեռուստահաղորդումների, ռադիոնյութերի պատրաստում, բառարանների կազմում, կլոր սեղան-քննարկում, վիճակագրական տվյալների ուսումնասիրություն (ո՞ր ամսագրում, ո՞ր հեռուստաալիքում, ո՞ր ֆիլմում, շփման ո՞ր միջավայրում էին ամենաշատ սխալները),ենթակայքում, կայքում հրապարակում։ Լավագույն աշխատանքները կարող են ծառայել նաև որպես ուսումնական նյութեր։