Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:
Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:
Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:
Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը
Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:

Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:

Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից: Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:

Ուշադրություն
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:


