Նյութերի բազմազանությունը

Опубликовано 1 января, 2019 автором Իվետա Ջանազյան

Աշխարհում հայտնի են մի քանի միլիոն տեսակի նյութեր: Դրանց մի մասը գոյություն ունեն բնության մեջ: Կան շատ նյութեր, որոնք ստեղծված են մարդկանց կողմից՝ արհեստական ճանապարհով ինչպես, օրինակ, պլաստմասսաները, որոնցից պատրաստվում են կենցաղային բազմաթիվ առարկաներ՝ աթոռ, սեղան և այլն:

Թվարկիր ձեր տանը եղած՝ պլաստմասսայից պատրաստված կենցաղային իրեր:

Այժմ ծանոթանանք մի քանի նյութերի հետ, որոնք գտնվում են մեր խոհանոցում: Ահա սեղանին դրված է աղամանը, որը լցված է կերակրի աղով: Այս նյութը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկների է նման:  Երկրի ընդերքում այն հանդիպում է քարի տեսքով: Մարդու համար կերակրի աղի կարևորագույն հատկությունը նրա աղի համն է, որի շնորհիվ ուտելիքները յուրահատուկ համ են ստանում:

Բնության մեջ կերակրի աղից բացի տարածված են աղերի տարբեր տեսակներ: Դրանցից մի քանիսը մարդու կողմից արդյունահանվում և օգտագործվում է որպես տարբեր նյութերի արտադրության հումք, ինչպես նաև՝ բույսերի աճին նպաստող պարարտանյութ:

Շաքարը ևս մեր խոհանոցներում գտնվող նյութերից է: Շաքա­րավազը արտաքին տեսքով շատ նման է կերակրի աղին, և դրանք հեշտությամբ կարելի է շփոթել, սակայն անհնար է շփոթել դրանց համը: Մարդու կողմից օգտագործվող շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից: Մրգերում և կաթի մեջ կա համապատասխանաբար մրգային և կաթնային շաքար:

Գյլուկոզան նույնպես շաքարի տարատեսակ է: Այն շատ է հանդի­պում բույսերի տարբեր մասերում: Հատկապես գյլուկոզայով հարուստ են խաղողի հատիկները: Իզուր չէ, որ գլյուկոզան հաճախ անվանում են խաղողի շաքար:

Խոհանոցում կա նաև սպիտակ փոշու նման մի նյութ, որն անվանում ենք օսլա: Դա մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերից է: Օսլա են պարունակում բուսական ծագման շատ մթերքներ:

Գիտե՞ս, որ բավականին հեշտ է որոշել, թե որ մթերքն է օսլա պարունակում: Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պարզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:

Խոհանոցում օգտագործվող նյութերից են թթուները: Քեզ ծանոթ է կիտրոնի թթու համը: Այդպիսի համ կիտրոնին հաղորդում է նրա մեջ եղած կիտրոնաթթուն: Երբ կաթը թթվում է, առաջանում է կաթնաթթու: Չնայած շատ նյութերի մեջ թթուների պարունակությունը կարելի է ճշտել նրանց համից, սակայն կան թթուներ, որոնք վտանգավոր են և կարող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթուն, որը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:

Մեր շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, հատկապես քաղաքներում, թթուները սկսել են առաջանալ երկնքում և հաճախ անձրևների ժամանակ ջրի կաթիլների հետ թափվում են երկրի մա­կերևույթին: Այդպիսի անձրևները կոչվում են թթվային անձրևներ: Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն:

Առաջադրանքներ՝

  • Որն է կերակրի աղի և շաքարի գլխավոր հատկությունը: Որտեղ են բնության մեջ հանդիպումայդ նյութերը:
  • Ինչ է օսլան: Ինչպես կարելի է այն հայտնաբերել սննդամթերքի մեջ:
  • Ինչպիսի թթուներ են հանդիպում բնության մեջ: Ինչու է անհրաժեշտ թթուների հետ զգույշ վարվել:
  • Ինչով են վտանգավոր թթվային անձրևները:

Leave a comment