Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Հեղինակ`Դոնալդ Բիսեթ
- Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
- հրուշակեղեն-զանազան կարգի քաղցրավենիք (կոնֆետներ, խմորեղեններ ևն):
- կեռնեխ-Սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն, որ ճնճղազգիների կարգի մի ընտանիքին Է կազմում, ճարեկ:
- կամացուկ-Առանց ձայն հանելու, սուս ու փուս, անաղմուկ:
- շողել-[գոյական] շողալը։
- Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
- Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:
- Ինքդ վերնագրիր պատմությունը:
- Կախարդական ծառ
- Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր, թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
- Կեսօր, թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն։
- Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
- գիրուկ-պարարտ
- լաց լինել-տես լալ
- մտածել-խորհել
- ցանկանալ-ուզել
- Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
- տխուր-զվարթ
- հայտնվել-անհետանալ
- վաճառել-գնել
- արագ-դանդաղ
- Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
- Ցանկություն-ություն, կախարդական-ական սովորական-ական, հրուշակեղեն-եղեն, բարություն-ություն
- Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
Գրիր այնպես, որ պատումը՝ - լինի հետաքրքիր
- ունենա նկարագրություններ
- նկարագրությունները լինեն պատկերավոր
- լինի անմիջական
- ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
- Աշխատանքը տեղադրիր բլոգում:
Լրացուցիչ առաջադրանք՝
Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:
